Հայաստանի Հանրապետության տարածքում դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարական հանգույցների իրավիճակի բարելավման շրջանակում արդեն տարբեր չափորոշիչներով կլաստերացված կրթական հաստատությունների համար առաջարկվել են պատրաստի, ունիվերսալ հետևյալ լուծումները։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում չվերակառուցված և սեյսմիկ առումով խոցելի շենքերի դեպքում առաջարկվում է կիրառել ժամանակավոր շարժական մոդել։
Շարժական մոդելի տրամաբանությունը ենթադրում է 6մ x 2.4մ արտաքին չափերով, կոնտեյներներից բաղկացած արտաքին, առանձին կանգնած շինություն։ Մինչև 60 աշակերտ կամ երեխա ունեցող կրթական հաստատություններում տեղադրվում է մեկ կոնտեյներ՝ մեկական արական և իգական զուգարանակոնքով ու լվացարանով և մեկ հաշմանդամների և մեծահասակների համար հարմարեցված սենքով։ 60 աշակերտից կամ երեխայից ավել, մինչև 210 աշակերտ ունեցող կրթական հաստատություններում առաջարկվում է կցել երկրորդ կոնտեյները, որտեղ ևս երկուական արական և իգական զուգարանակոնքով ու լվացարանով սենքեր կարող են տեղադրվել։ Այն կարող է տեղադրվել հողի նիշից բարձրացված (հողի նիշից 45 սմ) կամ հողի նիշով՝ կախված առկա տեղադիրքից (ռելիեֆից) և գրունտների որակից։
Տանիքին նախատեսվում է տեղադրել արևային էլեկտրական մարտկոցներ։ Նախատեսված է նաև տեխնիկական սենյակ, որտեղ կտեղադրվի լվացարանների օգտագործված ջրերի վերաօգտագործման համար նախատեսված ջրի բաք, մաքուր ջրի բաք, ջրմուղ պոմպեր, էլեկտրական տաքացուցիչներ և այլ տեխնիկական սարքեր։
Առաջարկվող մոդելը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Յուրաքանչյուր մոդել անկախ նորմավորված նստատեղերի քանակից ունի առանձնացված հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված սենք։ Հաշվի առնելով, որ կրթական հաստատություններում մեծահասակների՝ ուսուցիչների, դաստիարակների, վարչական և տեխնիկական աշխատակիցների, ծնողների համար սանիտարական հանգույցի առանձնացված սենքեր են անհրաժեշտ՝ առաջարկվում է հաշմանդամների համար առանձնացված սենքը դիտարկել որպես մեծահասակների առանձնացված սենք։