Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1’850 մետր բարձրության վրա և ունի 1’014 բնակիչ։ Գյուղի կենտրոնով անցնող հանրապետական նշանակության H-29 ճանապարհը միացնում Հրազդան և Սևան քաղաքները շրջակա գյուղերի հետ։
Գյուղական ճանապարհները նախատեսվում է սալարկել, բացառությամբ Հ-29 հանրապետական նշանակության ճանապարհի, որի նպատակն է ստեղծել գյուղական պատմական միջավայր։
Ճանապարհից հարավ ընկած հատվածում նախատեսվում է հիմնել զբոսայգի, որի տարածքում կլինի արհեստական ջրվեժ և ջրավազան, ամֆիթատրոն, մանկական խաղահրապարակ։ Այգու տարածքում նախատեսվում է կազմակերպել մակերևթային ջրերի հավաքման համակարգ, որը հնարավորություն կտա այգու տարածքի անձրևաջրերի հավաքման միջոցով մասնակի կերպով ապահովել կանաչապատ տարածքների ոռոգումը։
Ճանապարհների, մայթերի և այլ բարեկարգվող տարածքների համար նախատեսվում է իրականացնել ֆունկցիոնալ և դեկորատիվ լուսավորություն։
Ճանապարհների հիմնանորոգման շրջանակում նախատեսվել է նաև ստորգետնյա ենթակառուցվածքների արդիականացում, որը ներառում է կոյուղի, անձրևաջրերի (հեղեղատար) համակարգ, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, լուսավորության, ինչպես նաև մալուխային համակարգերի համար անցուղիներ։ Հաշվի առնելով տեխնիկական պայմանների և բնակավայրի գլխավոր հատակագծի բացակայությունը՝ մի շարք լուծումներ նախատեսվել են պահուստային ընդլայնման հնարավորություններով։
Նախագծով նախատեսված է նաև ոռոգման նպատակով ջրի քանակի ապահովման համար օգտագործել մակերևութային ջրերի հնարավոր հավաքման լուծումները։ Զբոսայգու տարածքի և կենտրոնական հատվածի անձրևատարների ջուրը հավաքվելու է այդ նպատակով նախատեսված ոռոգման ջրի ջրամբարում, որը կարող է օգտագործվել ոռոգման համար։
Իր բնույթով նախագիծը ենթադրում է ճանապարհների արդիականացման և կանաչ տարածքների բարեկարգում, սակայն համաձայն նախագծային առաջադրանքի և պատվիրատուի հետ քննարկումների՝ իրականցվել են նաև նոր տրանսպորտային կանգառի, վերամշակվող աղբի հավաքման հարթակի, ապագայում նախատեսվող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի մուտքի կազմակերպման, հիմնական ճանապարհներին հարող գոյություն ունեցող պատերի երեսապատման և այլ լուծումների առաջադրում։