Գյումրի քաղաքի Մուշ թաղամասը 1988 թվականի երկրաշարժին հաջորդած շրջանի խոշոր թաղամասերից է։ 2016 թվականին Վենետիկի ճարտարապետական բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի շրջանակում առանձին կերպով ներկայացվեց նաև այդ թաղամասի վերակառուցումը` քննադատաբար մոտենալով դրան։
2020 թվականին ստանալով առաջարկ նույն թաղամասում կառուցել նոր բնակելի համալիր՝ մեզ համար կարևոր էր նախկինում կատարված հետազոտության ռեֆլեքսիայի հիման վրա մոտենալ կոնկրետ խնդրին։ Այս պատճառով փորձ արվեց ինչ որ կերպ շարունակել թաղամասի քաղաքային հյուսվածքի տրամաբանությունն ու վերաարժևորել տեղական ու որակյալ, բայց միևնույն ժամանակ նորարարական ճարտարապետությունը։
Չորս շենքեր, որոնք կառուցվելու են տարբեր տեղական քարերից, կարծես հակադրվում են գոյություն ունեցող գունավոր ու խայտաբղետ շենքերին՝ ազդարարելով թաղամասի մուտքային մասը։
Բնակելի շենքերը բազմահարկ են։ Տանիքներն ամբողջովին նախատեսված են արևային մարտկոցների համար, ինչի համար անհրաժեշտ թեքությունն ապահովելու նպատակով առաջացած ձեղնահարկային տարածքների օգտագործելի մակերեսները նախատեսվում է որպես արվեստանոցներ տրամադրել տեղացի արվեստագետներին։ Համալիրի կազմում նախատեսված է 46 երեխայի համար մանկապարտեզ, որն իր շուրջ է համախմբում բակային տարածությունը։
Նախագծման թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Իրինա Մերդինյան, Հովհաննես Բաղջյան
Կոնստրուկցիա՝ Արթուր Մելքոնյան
Ջրային համակարգեր՝ «Մալոնա» ՍՊԸ
Էլեկտրականություն՝ «Արմեն ԷԼ․ էՆԳ․» ՍՊԸ