ARTRAIL նախագծի նպատակն էր վերակենդանացնել խորհրդային ժառանգության կարևոր կետերից մեկը՝ Մանկական երկաթուղու տարածքը` Հայաստանում ստեղծելով ընտանեկան ու համայնքային պահանջներին հարիր մշակութային տարածք, որը նաև կծառայի իբրև երկրի միջազգայնորեն ճանաչված այցեքարտերից մեկը։
Նախագծով նախատեսում է 7 հեկտար զբաղեցնող այգու ամբողջական վերականգնում՝ ներառյալ 2 կմ երկարությամբ գործող երկաթգիծն իր 1950-ականների իկոնային կայարաններով։ Շրջապատի նոր կառույցները կներառեն 1’000 քմ ընդհանուր մակերեսով ժամանակակից արվեստի ցուցասրահը, համերգային և ֆիլմերի ցուցադրման համար նախատեսված ամֆիթատրոնը, գրադարանն ու աշխատարանը, ժամանակավոր միջոցառումների բազմաֆունկցիոնալ տաղավարը, ինչպես նաև ժամանակակից արվեստագետների կողմից նախագծած «խելացի» խաղահրապարակը երեխաների համար։
Այգու տարածքի վերակենդանացման աշխատանքներում փորձ է արվելու զգալիորեն նվազեցնել ոչ ջրաթափանց տարածքներն ու կրկնապատկել կանաչ զանգվածը։ Այդ նպատակով, բոլոր նոր արվեստային ենթակառուցվածքները ստեղծվելու են սյուների վրա՝ հաշվի առնելով լանջերի թեքությունները։ Մուտքային հատվածը երկաթուղային կայարանի և առափնյա հատվածի հետ կապվելու է վերելակով, որով հասանելի են դառնալու այգու բոլոր տարածքները՝ հարմարեցված նաև շարժողական խնդիրներ ունեցող անձանց և խմբերի համար։ Գոյություն ունեցող կանգառները վերածվելու են յուրահատուկ հանգրվանների, օրինակ «Ուրախություն» կայարանին կից վերականգնվելու է բացօթյա հանրային լողավազանը, կառուցվելու է բազմաֆունկցիոնալ նոր դահլիճ, իսկ «Պիոներ» կայարանում կառուցվելու է հիմնական ցուցահանդեսային դահլիճը, որը ծառայելու է որպես ժամանակակից արվեստի հիմնական կենտրոն։ Ցուցասրահները միմյանց հետ կապվելու են նաև արահետներով, որոնք Քանդակների պարտեզի մաս են կազմելու։ Նախատեսվում է պահպանել առկա կանաչապատ բոլոր մակերեսները՝ հաշվի առնելով կանաչապատման համաշխարհային ժամանակակից փորձը։
Նախագծման թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Գագիկ Խաչատրյան