SP2

Պատմություն

ՍՊ2 ճարտարապետական գրասենյակը հիմնադրվել է 2006 թվականին։ Այն իր գործունեության ընթացքում ծառայել է որպես Սարհատ Պետրոսյանի և տարբեր ճարտարապետների հետ համագործակցության յուրօրինակ հարթակ։ Սկզբնավորվելով Հայաստանում հետխորհրդային շրջանի տնտեսական զարգացման առաջնային փուլում՝ գրասենյակը նախագծային գործընթացի հետազոտական բաղադրիչի կարևորման շնորհիվ 2011 թվականին հիմնել է ուրբանլաբ քաղաքային հետազոտահեն կազմակերպությունը, որը մեր թիմի շահույթ չհետապնդող օղակն է։ Այն քաղաքային խնդիրները քարտեզագրող, հանրայնացնող և երբեմն՝ լուծումներ նախանշող յուրահատուկ լաբորատորիա է, որն արդեն ունի տարածաշրջանային ընդգրկում։

ՍՊ2 ճարտարապետական գրասենյակը, որը հանդես է գալիս «ՍՊ2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (կրճատ՝ ՍՊ2 ՍՊԸ) իրավաբանական անձի անունով, նախկինում կոչվել է «Սարհատ և ընկերներ», ապա՝ ուրբանլաբ, իսկ 2011 թվականից հանդես է գալիս որպես ՍՊ2 / SP2։ Շատերն են հարցնում հապավման բովանդակության մասին, որն ունի մի քանի բացատրություն՝ Սարհատ Պետրոսյան և ընկերություն, հայերեն ՍՊԸ բառի լատինատառ հապավումը, ու դեռ մտածում ենք, թե էլ ինչ կարող է այն նշանակել։

Որպես շահույթ հետապնդող, բայց միևնույն ժամանակ ճարտարապետության սոցիալական դերը գիտակցող ու կարևորող թիմ՝ կազմակերպությունը առավել կարևորում է տարածության վերաբերյալ հանրային ու մասնագիտական ընկալումների փոփոխությունը, քան իր աշխատանքների գովազդումն ու վավերագրումը։ Այդ իսկ պատճառով, կայքում և առհասարակ տարբեր հարթակներում կարող եք հանդիպել վերջին շրջանի մեր նախագծերին, սակայն 2006 թվականից ձգվող մեր պատմությունը շատ հարուստ է տարբեր ընդգրկուն նախագծերով։  

 

Նկարում` Սարհատ Պետրոսյանի առաջին նախագծերից մեկն է: 1924-1927 թվականներին ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցված, Երևանում գտնվող բնակելի տան ընդարձակումը, որի առաջին հարկում ապրել և ստեղծագործել է Ակսել Բակունցը։