Մոտեցում

Հիմնականում ճարտարապետներից բաղկացած մեր թիմը փորձում է նախագծման գործընթացը դիտարկել որպես բազմագիտակարգային հետազոտություն և բացահայտումների շղթա։ Յուրաքանչյուր նախագծային գործընթաց սկսվում է դաշտային դիտարկումներից ու միջազգային փորձի ուսումնասիրությունից, որոնց հաջորդում են համակարգված փորձարկումները, իսկ վերջում այն վերածվում է տեխնիկական համակարգերի համակարգ-օրգանիզմի։
Դիտարկելով ճարտարապետությունը որպես նախևառաջ սոցիալական գիտություն՝ մեր թիմի համար տարածության հանրային ընկալումները շատ ավելի կարևոր են, քան դրա մնացյալ դրսևորումները։ Տարածության հարմարավետության, անվտանգության և գեղագիտական բաղադրիչներն ածանցվում են հանրության համար որակյալ միջավայրի ծրագրավորման պատասխանատվությունից և հիմնված են կայունության և շրջակա միջավայրի պահպանության հիմնարար գաղափարների վրա։
Մեր նախագծերում խնդիր չի դրվում զարմացնելու մարդկանց, այլ փորձ է արվում ստեղծելու այնպիսի միջավայր, որում մեր միջամտությունը կարճ ժամանակ անց կընկալվի այնպես, կարծես այն այնտեղ էր միշտ։ Տեղի հիշողության և պատմականորեն ձևավորված ինքնաբուխ միջավայրերի վերարժևորման շնորհիվ նախագծային գործընթացներում մենք փորձում ենք պլանավորել հարատև, բայց փոխակերպվող տարածության և ուրբանիզացիայի երկարատև ճանապարհը։
Կարևորելով հատկապես տեխնիկական լուծումներն ու հարմարավետության համար անհրաժեշտ մանրուքները՝ անկախ մեր նախագծերի ընդգրկումից՝ քաղաք, թե ժամանակավոր տաղավար, մենք նույն բոցավառ պատրաստակամությամբ բարեկամանում ենք մեր պատվիրատուների և ապագա շահառուների հետ։